Ընդդիմության հազարավոր կողմնակիցներ մասնակցել են Ալժիրի մայրաքաղաքում ընթացող ցույցին` ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները բոյկոտելու կոչ անելով:

Իսլամական եւ աշխարհիկ ընդդիմադիր կուսակցությունները դեմ են ընտրություններին երկրի գործող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի մասնակցությանը, որն առաջադրվում է չորրորդ անգամ, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի ներկայիս նախագահը 77 տարեկան է, նա հիվանդ է, անցյալ տարի կաթված էր տարել: Ընդդիմությունը կարծում է, որ Բուտեֆլիկան շատ ծեր է եւ արդեն ի վիճակի չէ կառավարել երկիրը:

Նախագահը հասարակության մեջ վերջին ամիսներին հազվադեպ է հայտնվում, սակայն  իշխող Ազգային-ազատագրական ճակատի, ինչպես նաեւ զինվորականների եւ բիզնես վերնախավի աջակցությունը երաշխավորում է նրա հաղթանակն ընտրություններում: