Գիշերը Թաիլանդի տարբեր նահանգներում պայթյուններ են որոտացել, այդ թվում` Բանգկոկում: Վիրավորվել է չորս մարդ, հայտնել են ոստիկանությունում:
Չիանգմայ հյուսիսային նահանգում` ավտոլցակայանից ոչ հեռու, երեք պայթյուն է որոտացել: Հարձակվողները նռնականետ են օգտագործել, ինչպես նաեւ պայթուցիկ տեղադրել մեքենաներից մեկում: Արդյունքում վիրավորվել է չորս մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Երկու ռումբ էլ պայթել են Չոնբուրի նահանգի հակակառավարական ցուցարարների ճամբարի հարեւանությամբ: Պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ իրավապահ մամինների տվյալի` Բանգկոկի հյուսիսային մասում պայթել եւ այրվել է փողոցում կայանած մի մեքենա: Դեռ հայտնի չէ` կապված են արդյոք այս բոլոր իրադարձությունները քաղաքական խռովությունների հետ, որոնք Թաիլանդում չեն դադարում ավելի քան չորս ամիս:
Ուրբաթ երկրի Սահմանադրական դատարանը չեղյալ էր հայտարարել փետրվարի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ցուցարարների առաջնորդ Սութեփ Թաուգսուբանը ուրբաթ երեկոյան իր համախոհներին հայտնել էր, որ առաջիկա օրերին կհայտնի բողոքի զանգվածային նոր ցույց անցկացնելու մասին` ուղղված ընտրությունների անցկացման դեմ: Ընդդիմադիրները պահանջում են նոր քվեարկությունից առաջ քաղաքական բարեփոխումներ անցկացնել:




























