Անտառների միջազգային օրվա առթիվ (մարտի 21) ուղերձով է հանդես եկել ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ով նշել է, որ անտառները մեր մոլորակի թոքերն են, որոնք ծածկում են ամբողջ մոլորակի մեկ երրորդը եւ ծառայում են որպես բնական միջավայր ֆլորայի եւ ֆաունայի 80 տոկոս երկրային տեսակների համար:
Բան Կի-Մունն իր ուղերձում, մասնավերապես ասել է.
«Հաշվարկված է, որ անտառները ապահովում են պարենով եւ վառելիքով, տրամադրում են ապաստան եւ ծառայում են որպես եկամտի աղբյուր 1.6 միլիարդ մարդու:.Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականների`մարդկանց 65 -ից մինչեւ 80 տոկոսը որպես հիմնական բուժական միջոց օգտագործում է դեղամիջոցներ` ստացված ֆլորայի եւ ֆաունայի անտառային տեսակներից:
Անտառը ոչ միայն աշխարհի աղքատ բնակչության զգալի մասի գոյատեւման միջոցների կարեւոր աղբյուրն է, այլ նաեւ արժեքավոր ռեսուրս բոլոր մակարդակներում տնտեսական գործունեության համար: Անտառները տալիս են այնպիսի ոչ դրամական օգուտներ, ինչպիսիք են ջուրը, էներգիան, ապրելավայրը, դեղամիջոցները, որոնք գերազանցում են այս արժեքը 2-3 անգամ: Անտառածածկով ջրահավաք ավազանները պարունակում են քաղցրահամ ջրի երեք չորրորդը, որն օգտագործվում է գյուղատնտեսական կարիքների, արդյունաբերության, էներգետիկայի եւ ներքին ջրամատակարարման համար»:
Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանի անտառային հողերը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում են 459.9 հազ. հա, որից 334.1 հազ. հա անտառածածկ տարածքներ են, այդ թվում` 283.6 հազ. հեկտարը բնական անտառներն են, իսկ 50.5 հազ. հեկտարը՝ արհեստական:
20-րդ դարում Հայաստանի անտառները երկու անգամ ենթարկվել են գերհատումների: Առաջինը կատարվել է 1930-50-ական թվականներին, երբ գլխավոր հատումների միջոցով տարեկան հատվել է շուրջ 450 հազար խմ: Գերհատումների երկրորդ շրջանը, էներգետիկ ճգնաժամի եւ տնտեսական շրջափակման պատճառով, կատարվել է 1991-2000 թվականներին, որի ընթացքում, համաձայն միջազգային կազմակերպությունների դիտորդների տվյալների, հանրապետության անտառներում յուրաքանչյուր տարի հատվել է 700 հազարից մինչեւ 1 միլիոն խմ անտառանյութ, որի շուրջ 70 %-ը բաժին է ընկել ապօրինի հատումներին: Ներկայումս անտառային տարածքներում վերջնական անտառշինության բացակայության պատճառով վերը նշված տվյալները պաշտոնապես հաստատված չեն:
Աշխարհը անտառների օրը նշում է սկսած 1971 թվականից: Աշխարհում տարեկան հատվում է 13 միլիոն հեկտար անտառ: Անտառահատումներին է բաժին է հասնում ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների 12-20% - ը, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի տվյալների համաձայն` անտառները տալիս են պարենամթերք, դեղամիջոցներ եւ վառելիք, ապահովում են ապաստանով եւ ծառայում են որպես եկամտի աղբյուր մոլորակի 1,6 բնակչության համար: Անտառներն էական դեր են խաղում կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Անտառները նպաստում են թթվածնի, ածխաթթու գազի եւ խոնավության հավասարակշռված պարունակության ապահովմանը օդում, որ մենք շնչում ենք: Պաշտպանում են ջրբաժանները, որոնք ապահովում են աշխարհում քաղցրահամ ջրերի 75%-ը: Սակայն, չնայած բոլոր էկոլոգիական, տնտեսական, սոցիալական եւ բժշկական անգին յուրահատկություններին, անտառը ոչնչացվում է անխնայորեն:




























