«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի գործով պատրաստվում են հայտարարել նախաքննության ավարտի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը իրեն երեկ հրավիրել էր քննչական գործողության, սակայն քննիչներն այդպես էլ չէին ներկայացել՝ պատճառաբանելով, թե ինչ-որ քննարկումներ են անում: «Թե ինչ քննարկումներ են, չգիտեմ, մեղադրանքը մեղմացնելու, խստացնելու, թե այլ բանի, տեղյակ չեմ, գիտեմ, որ պատրաստվում են նախաքննության ավարտի մասին հայտնել: Գուցե հենց երեկ էին պատրաստվում այդ մասին հայտնել, չէին ասել, թե ինչ քննչական գործողություն են անելու»,- ասաց փաստաբանը:
Ինեսա Պետրոսյանն ասաց, որ թերեւս նախատեսված քննչական գործողությունը կարվի մյուս շաբաթ: Նա նորից շեշտեց, որ Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է հանվի հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ Շանթ Հարությունյանենց գործի քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը ոչ հերքել, ոչ հաստատել է լուրերն այն մասին, որ Հարությունյանենց խմբին առաջադրված մեղադրանքները կարող են վերաորակավորվել։ «Դեռ որեւէ բան չեմ կարող ասել։ Եկեք չպատասխանեմ այդ հարցին. Նախաքննության գաղտնիություն կա մեջը չեմ ուզում հիմա հրապարակեմ. Եթե լինի, մոտակա օրերին կլինի։ Մեղադրանքի փոփոխումը նենց բան է...»,- ՀԺ-ի հարցին ի պատասխան ասել է Տոնոյանը։ Պատասխանելով մյուս հարցին՝ քննչական խմբի ղեկավարն ասել է, որ մոտ մեկ ամսից նախաքննությունը կավարտվի»։ Նախաքննության մեր աղբյուրները չեն բացառում, որ կալանավորվածների մի մասին առաջադրված մեղադրանքը թեթեւանա, իսկ մի քանիսի նկատմամբ ընդհանրապես կարճվի՝ ապացույցների անբավարարության հիմքով»:




























