Քաղաքացին հանիրավի մեղադրել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին իրենից կաշառք պահանջելու համար, հաղորդում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:
Քաղաքացի Ս. Ու.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2014թ. հունվարի 24-ին
հաղորդում էր տվել այն մասին, որ իր բնակարանից 2,5 գրամ չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց հայտնաբերվելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իր օգտին գործողություններ կատարելու համար վարույթն իրականացնող քննիչը, ինչպես նաեւ քրեական հետախուզության բաժանմունքի պետը եւ նույն բաժանմունքի օպերլիազորը 2013 թվականի մայիսին իրենից պահանջել են 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետի հատկանիշներով:
Ոստիկանության քննիչի, քրեական հետախուզության նախկին բաժանմունքի պետի, նույն բաժանմունքի օպերլիազորի կողմից 1500 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու դեպքերի հանգամանքներն ստուգելու նպատակով իրականացվել են բազմաթիվ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Մասնավորապես` պարզվել է, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը դեպքից դեռեւս մեկ տարի առաջ` 2012 թվականից, ազատվել է ՀՀ ոստիկանության համակարգից` անցնելով ծառայողական կենսաթոշակի, որից հետո գտնվել է Երեւան քաղաքում եւ այլեւս որեւէ կապ չի ունեցել ՀՀ ոստիկանության բաժնի հետ: Առերես հարցաքննության ժամանակ Ս. Ու.-ն, հրաժարվելով քննիչ Դ. Դ.-ի կողմից կաշառք պահանջելու հանգամանքից, նշել է, որ իրենից կաշառք է պահանջել միայն օպերլիազոր Վ. Կ.-ն` իր տանը` բնակարանային խուզարկության ավարտից հետո, մինչդեռ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Կ.-ն նշված բնակարանում կատարված խուզարկությանը չի մասնակցել:
Քրեական գործով ձեռք բերված այս եւ մի շարք այլ ապացույցներով հիմնավորվել է, որ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Ա. Ս.-ն, քննիչ Դ.Դ.-ն եւ նույն բաժանմունքի օպերլիազոր Վ. Կ.-ն Ս. Ու.-ից կաշառք չեն պահանջել, այլ Ս. Ու.-ն, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են եւ չեն համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, կատարել է սուտ մատնություն` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող անձանց կողմից ծանր հանցագործություն կատարելու` իրենից խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ:
Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է, իսկ Ս. Ու-ի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:



























