«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը «հարգում» է Պուտինին, քանի որ վերջինս դեմ գնաց արեւմուտքին եւ Ղրիմը միացրեց Ռուսաստանին:
«Ես ինչ-որ տեղ հարգում եմ Պուտինին, որովհետեւ չվախեցավ ոչնչից եւ դեմ գնաց արեւմուտքին: Ղրիմի հանրաքվեն արդարացված էր, եւ ճիշտ է Հայաստանի այս դիրքորոշումը»,- այս մասին այսօր` մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության նախագահը:
Անի Զախարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է օգտվի այս իրավիճակից. «Ճիշտ ժամանակն է, որ Հայաստանն իր հստակ դիրքորոշումը հայտնի, որ Ադրբեջանի հետ բանակցի հենց Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը: Այնուհետեւ Հայաստանն էլ Ռուսաստանի նման հանրաքվե անցկացնի Ղարաբաղում եւ տարածքը մտցնել մեր հանրապետության մեջ»,- նշեց կին քաղաքական գործիչը:
Անդրադառնալով Ուկրաինայի` Հայաստանում դեսպան Իվան Կուխտային հետ կանչելու որոշմանը, Անի Զախարյանն ընդգծեց. «Ուկրաինան կանչեց, կանչեց, ի՞նչ անենք, անսովոր բան չկա, իսկ ԱՄՆ դեսպանն էլ ափսոսանք հայտնեց, բա պիտի հայտներ, ի՞նչ պիտի աներ»:
Կին քաղաքական գործիչը համոզված է, որ Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտը երկար չի տեւի, «շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Նշենք, որ երեկ` մարտի 19-ին, կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել էր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը: Մարտի 21-ին, Ուկրաինան հետ էր կանչել իր դեսպանին:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում առաջ է քաշել սահմանադրական օրենքներ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր էին կնքել: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























