«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները պետք է մտնեն քաղաքականություն, հատկապես քաղաքագետ Դավիթ Մանուկյանը: Այս մասին այսօր` մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը:

«Ընդդիմադիր դաշտում ձեւավորվել է նոր ընդդիմություն, հանձին «Դեմ եմ» շարժմանը: Կարծում եմ, որ այդ երիտասարդները պետք է մտնեն քաղաքականություն: Օրինակ ինչո՞վ են «Դեմ եմ»-ի տղաները պակաս «Ժառանգության» երիտասարդ անդամներից»,- նշեց նա:

Անի Զախարյանը քաղաքական դաշտում լուրջ թեկնածու է դիտարկում քաղաքագետ Դավիթ Մանուկյանին: NEWS.am-ի հարցին` արդյոք նույն Դավիթ Մանուկյանը ցանկանում է մտնել քաղաքականություն, կին քաղաքական գործիչն արձագանքեց. «Բայց ես էլ որ մտնում էի քաղաքականություն, չէի ցանկանում, այնպես որ շատ հնարավոր է, որ Դավիթը հետագայում ցանկություն ունենա»:

Անի Զախարյանը չի մասնակցելու այսօր կայանալիք «Դեմ եմ»-ի հավաք-երթին, քանի որ «նոր բան չեն ասելու», բացի դրանից տեղեկություններ ունի, որ «Դեմ եմ»-ը ֆինանսավորվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Նշենք, որ այսօր` մարտի 22-ին ժամը 14:00-ին, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է հավաք-երթ, որին մասնակցելու են նաեւ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Ելույթ են ունենալու նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am