Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանությանը մասնակցած անձինք ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Մխիթար Հարությունյանի հարազատներն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Մխիթար Հարությունյանը:
Նրա մորեղբոր որդին՝ պատգամավոր Դավիթ Քոչարյանը, ընկերոջ՝ Մխիթար Հարությունյանի հորեղբոր թոռ Արտակի հետ վիճաբանել են «ՎԵՎ»-ի սեփականատեր Սամվելի հետ, ով էլ նախկին պատգամավորի մանկության ընկերն է: «Մեր ընկերներից մեկի հոր քառասունքն էր, Արտակը նոր էր քառասունքից դուրս եկել, ինչ-որ մեծ կռիվ չի եղել, ավտոն արագ, կամաց քշելու պատճառով իրար հետ տաքացած խոսել են, բրդբրդել են, բայց Դավիթը ոչ ատրճանակով հարվածել է որեւէ մեկի գլխին, ոչ էլ կրակել է: Ես բոլորի հետ խոսել եմ, բարկացել եմ, որովհետեւ իրավունք չունեին՝ նման բան անելու: Հատուկ չեմ հետաքրքրվել՝ ինչ է եղել, որովհետեւ գիտեմ՝ մեծ բան չի եղել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ իրենք իրար հետ խնդիր չունեն, մտերիմ ընկերներ են, հարազատ մարդիկ, ոչ խռով են, ոչ կռված են, ոչ էլ թշնամի են, բարեկամական հարաբերությունների մեջ են»,- ասաց նախկին պատգամավորը՝ կոչ անելով չշահարկել այս միջադեպը:
Հարցին, թե կողմերն այժմ միմյանցից բողոք չունեն եւ ով է ճիշտ ու սխալ դուրս եկել, ԵԿՄ փոխնախագահն ասաց, որ «իրենք իրավունք չունեն իրարից բողոք ունենան, իսկ ինքը մեղավոր չի փնտրել, բոլորն են մեղավոր նման դեպքում, ոչ ճիշտ ու սխալ ենք որոշել, ոչ էլ մեղավոր են ման եկել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 9-ին, երեկոյան, Հրազդանի «Վեվ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը:
Մեր տեղեկություններով՝ վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, որը հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղ գնացել է Դավիթ Քոչարյանի հետ: Վերջինս էլ իր մոտ եղած ատրճանակի բռնակով հարվածել է վիճաբանողներից մեկի գլխին, պատճառել մարմնական վնասվածք, այնուհետեւ մեկ անգամ էլ կրակել է գետնին:
Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն չի հաջողվում ստանալ Դավիթ Քոչարյանից, քանի որ նրա հեռախոսն անջատված է: Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, այն պատժվում է ազատազրկմամբ՝ 4-7 տարի ժամկետով: Առայժմ ձերբակալվածներ չկան:



























