Ավելի քան 700 մարդ է տուժել Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում տեղի ունեցած ջրհեղեղից եւ սողանքներից, որոնք առաջացել են ձյան հալոցքից եւ ուժեղ անձրեւներից:

Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանի վարչակազմի քաղաքացիական վարչության փոխանցմամբ՝ այսօր՝ մարտի 22-ին, ամենաբարդ վիճակը ստեղվել է այն բնակավայրերում, որոնց միջով անցնում է Իլի գետը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ուժեղ անձրեւները եւ զգալի տաքացումը հանգեցրել են ձյան արագ հալոցքին, ինչը ջրհեղեղի եւ սողանքների պատճառ է դարձել:

Ջրհեղեղը լուրջ վնաս է հասցրել ազգային նշանակության մի շարք մայրուղիների, բնակարանային ենթակառուցվածքներին: Վերջին տվյալներով՝ վնասվել է ավելի քան 500 շինություն:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ իրավիճակի բարելավում առաջիկա օրերին չի սպասվում: