ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը կարող է ստորագրվել հունիսին, հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
«Ես մեծ հույս ունեմ, որ քաղաքական մասի ստորագրումը կօգնի կենտրոնանալ ամբողջ համաձայնագրի ոչ միայն ստորագրման,այլեւ ժամանակավոր կիրառման վրա՝ ներառյալ հատվածական համագործակցությունն ու տնտեսական ինտեգրացիան, ինչը դրական լիցք կհաղորդի միակողմանի առեւտրային միջոցներին, որոնց ԵՄ-ն հավանություն կտա շատ շուտով՝ օգնելով ուկրաինական ձեռնարկություններին մասնավորապես՝ փոքր եւ միջին բիզնեսին առանց մաքսատուրքերի ԵՄ ապրանք արտահանելիս։ Դա ուկրաինացի արտադրողներին տարեկան 500 մլն եվրոյի խնայողություն կտա։ Միաժամանակ մենք ասում ենք, որ ասոցացումը Ուկրաինայի հետ հարաբերությունների միակ նպատակակետը չէ, թեեւ ամենասկզբում խոսքն ընդամենը եվրոպական ձգտումների մասին էր», - Ֆյուլեի խոսքերն է մեջբերում euplus-ը։
Անդրադառնալով տնտեսական մասի ստորագրմանը՝ Ֆյուլեն ասել է, որ այն կարող է ստորագրվել հունիսին. «Դա ամենակարեւորն է, բայց միաժամանակ մենք կարեւորում ենք մայիսին ազատ եւ արդար նախագահական ընտրությունների անցկացումը։ Եվ հուսով ենք, որ ընտրություններից մեկ ամիս անց կարող ենք ստորագրման ավարտի ամենալավ իրավիճակում հայտնվել», - նշել է նա;
Հիշեցնենք, ԵՄ-ն եւ Ուկրաինան արդեն ստորագրել են ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, սակայն ամենակարեւոր՝ տնտեսական մասը մի քանի ամսով հետաձգվել է։




























