Ռուսաստանը ՆԱՏՕ-ի եւ կամ ԵՄ-ի թույլտվության կարիքը չունի, որ գործի միջազգային իրավունքի համապատասխան: Այս մասին Բրյուսելում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն:

«Հանրաքվեն Ղրիմում բացարձակապես լեգիտիմ է եղել: Կարծում եմ, որ Դաշինքը, որն իրեն անվանում է ժողովրդավարական պետությունների ակումբ, պետք է ճանաչի այդ փաստը եւ հարգի Ղրիմի ժողովրդի ժողովրդավարական ընտրությունը»,-ասել է ռուս դիվանագետը:

Ռուսաստանին ոչ ոք չի կարող խանգարել հայտնել իր կարծիքը ՆԱՏՕ-ի քաղաքականության վերաբերյալ եւ հստակ հայտարարել սեփական շահերի մասին, նշել է Գրուշկոն:

«Մենք հենց սկզբից մեր գործընկերներին ասել ենք, որ եթե ՆԱՏՕ-ն շարունակի ընդլայնման քաղաքականությունը, դա կհանգեցնի նոր բաժանարար գծերի առաջացման եւ դրանց՝ ՌԴ սահմանների մոտեցման: Մենք նաեւ նախազգուշացրել ենք, որ որոշ դեպքերում այդ բաժանարար գծերը կարող են հայտնվել պետությունների ներսում: Դա կարեւոր ազդակ էր, եւ մենք մենք բացարձակապես ճիշտ էինք, երբ խոսում էինք այդ մասին: Երբ մենք քննարկում ենք անվտանգության հետագա ճարտարապետությունը, մենք պետք է ուղիներ գտնենք»,-ընդգծել է Գրուշկոն:

Նրա խոսքով՝ ռուս զինվորականներին հաջողվել է խաղաղություն եւ անվտանգություն ապահովել Մերձդնեստրում, Հարավային Օսիայում եւ Աբխազիայում: Սա նույնպես անվտանգության ընդհանուր պատկերի մաս է եւ Դաշինքը պետք է հաշվի առնի դա ՌԴ-ի հետ իր հետագա փոխգործակցության ընթացքում: