«Առաքելություն» կուսակցությունը համարում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը մի քանի ամսով կհետաձգի կուտակային կենսաթոշակի մասին օրենքի գործողությունը: Որպես պատճառ դատարանը կբերի օրենքի մասին հասարակության անբավարար տեղեկացվածությունը, քաղաքացիներին կվերադարձնի աշխատավարձի պահումները: Նման կանխատեսումներ մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն ընդունել է որոշում օրենքի մի քանի հոդվածների գործողության դադարեցման մասին, որպեսզի «և…և» իրավիճակ ստեղծի՝ որոշման ընդունման հնարավորությունը թողնելով հասարակության արձագանքից կախված: «Սակայն աշխատավարձների առաջին պահումներից հետո, ցավոք, հասարակության բուռն արձագանք չհետեւեց»,- հավելել է Առաքելյանն ու ընդգծել, որ քանի դեռ հասարակությունը չի պաշտպանում իր իրավունքները, իշխանությունները ոչինչ չեն անի:

«Առաքելության» կուսակցության քաղխորհրդի անդամի համաձայն՝ երկրում կենսաթոշակային որոշ բարեփոխումների կարիք է զգացվում, սակայն դրանք սոցիալական բեռի են վերածվում քաղաքացիների համար, ինչն էլ դժգոհությունների ալիք բարձրացրեց: «Մենք առաջարկում ենք կրճատել եկամտահարկը, այդ կերպ մեղմել երկրում ստեղծված սոցիալական իրավիճակը»,- եզրափակել է Մեսրոպ Առաքելյանը:

Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտել2014թ. հունվարի 1-ից: Հունվարի 24-ին Հայաստանի ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել «Կուտակային կենսաթոշակային օրենքի» որոշ դրույթներ: ՍԴ վճիռը կհրապարակվի մարտի 28-ին: