Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը Ուկրաինայի ժամանակավոր իշխանություններին կոչ է արել անհապաղ իրավական բարեփոխումներ իրականացնել հետաքննել 2014-ի փետրվարին Մայդանում սպանությունները՝ դիպուկահար կրակոցներով: Այս մասին հաղորդում է Deutsche Welle մեդիաընկերությունը:
«Այդ հանցագործությունները պետք է անհապաղ հետաքննվեն՝ հետագա շահարկումներից խուսափելու համար»,-ասել է Յագլանդը:
Նա նաեւ կոչ է արել Կիեւի իշխանություններին անհապաղ անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնել արդարադատության ոլորտում:
Յագլանդն անդրադարձել է նաեւ փետրվարի 21-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ կնքված համաձայնագրին, որին ներկա են գտնվել նաեւ Լեհաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները: Այդ փաստաթղթով կողմերը պարտավորվում են ապահովել փոքրամասնությունների պաշտպանությունը եւ բոլոր կուսակցությունների եւ տարածաշրջանների մասնակցությունը անցումային կառավարությունում: Ներկայումս դա չի արվել, եւ Յագլանդը անհանգստություն է հայտնել, որ այդ պարտավորությունների կատարման հետագա ձգձգումը «կհանգեցնի կառավարության ապալեգիտիմացման եւ երկրում իրավիճակի ապակայունացման»:
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պարզել է, որ Մայդանում դիպուկահարները եղել են Ուկրաինայի քաղաքացիներ:




























