Բուենոս Այրեսում, մարտի 20-ին, «Կանաչ Ֆրանկոֆոնիա» խորագրի ներքո անցկացվեցին Ֆրանկոֆոնիային նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Արգենտինայում հավատարմագրված եւ կազմակերպության անդամ հանդիսացող 32 երկրների՝ այդ թվում նաեւ Հայաստանի դեսպանությունների կողմից:

«Կանաչ Ֆրանկոֆոնիա» խորագիրը կրող միջոցառումների նպատակն է խթանել երկիր մոլորակի պահպանությունը, առողջ ապրելակերպը եւ ֆրանսերենի միջոցով համերաշխության ոգու տարածումը, որը միավորում է այդ լեզվով խոսող ավելի քան 220 միլիոն բնակչությանը:

Հանդիսության բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Արգենտինայի արտգործնախարարության «Մանուել Բելգրանո» սրահում, որի ընթացքում ելույթ ունեցան Արգենտինայում Շվեյցարիայի դեսպան Յոհան Ստեֆան Մատիասին, Կոնգոյի գործերի հավատարմատար Յեմբա Լոհական, Կանադայի դեսպան Գվինեթ Կուցը եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության հարցերով փոխնախարարի տեղակալ, դեսպան Մարիա դել Կարմեն Սկեֆը: Միջոցառմանը ելույթներ ունեցան շվեյցարացի երաժիշտներ, Կոնգոյից ժամանած թմբկահարներ:

Հանդիսության ավարտին մրցանակներ շնորհվեցին ֆրանկոֆոնիայի թեմայով լուսանկարչական  մրցույթում հաղթած աշակերտներին:

Ձեռնարկից հետո մասնակից երկրների դեսպանները ծաղկեպսակ զետեղեցին Արգենտինայի ազգային հերոս, գեներալ Սան Մարտինի հուշարձանին:

Մայրաքաղաքի կենտրոնական «Սան Մարտին» հրապարակում օրվա ընթացքում` ժամը 13.00-ից սկսած մինչեւ ուշ երեկո, անցկացվեց ժողովրդական տոնախմբություն, որտեղ մասնակից երկրները ներկայացվեցին առանձին տաղավարներով` իրենց տարածաշրջաններին հատուկ ազգային ուտեստներով, ձեռքի աշխատանքներով եւ երկրների մասին պատմող տպագիր նյութերով: