Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ մարտի 22-ին, ժամը 14։00-ին մեկնարկել է Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը։ Հանրահավաքի նպատակն է Սահմանադրական դատարանում մարտի 28-ին օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին պահանջով սկսվող վարույթին ընդառաջ եւս մեկ անգամ ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածները (ֆոտոռեպորտաժ)։
«Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության: Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
Հանրահավաքին մասնակցում են ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը։ Այս պահին հրապարակում են «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը, Թեեւան Պողոսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Վահե էնֆիաջյանը, Վահան Բաբայանը։
Նշենք, որ հանրահավաքին ելույթ են ունենալու նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ «Նախախորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը։
Նիկոլ Փաշինյանն արդեն Ազատության հրապարակում է։ Մոտ 14։10-ին ԲՀԿ-ն հրապարակ բերեց մոտ մի քանի հարյուր մադու։
Մինչեւ այդ մամուլում տարածվել էր տեղեկություն, որ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը չեն ցանկանում, որ «Դեմ եմ»-ի կազմակերպած հավաքին ելույթ ունենան պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Հանրահավաքի նախօրեին, սակայն, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենք հրավիրել են Նիկոլ Փաշինյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին, իսկ չորս խորհրդարանական ուժերին տեղեկացրել են այդ մասին, եւ անկախ ամեն ինչից իրենք են որոշելու, թե ովքեր են խոսելու հանրահավաքին։
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով՝ Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովա պողոտա- Աբովյան փողոց- Հանրապետության Հրապարակ- Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Ազատության հրապարակ:
«Դեմ եմ» նախաձեռնության մարտի 22-ի հավաք-երթի նպատակներն են` hանրությանը ներկայացնել հունվարի 18-ի հավաք-երթից հետո տեղի ունեցածը, տալ այդ իրադարձությունների համաչափ գնահատականը, «ՀՀ կառավարման մարմիններին ցույց տալ նախաձեռնության համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծումը կընթանա քաղաքացիական ընդվզումների ու անհնազանդության ճանապարհով»:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ.հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: ՍԴ վճիռը կհրապարակվի մարտի 28-ին։




























