Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի համախմբումը գովելի է, քանի որ նման նախադեպ Հայաստանում չի եղել։ Բայց հարցն այն է, թե արդյոք նրանց օրակարգում հստակ ժամկետներ եւ հարցեր կլինեն։ Այս մասին մարտի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը՝ ընդգծելով չորս ուժերի օրակարգի որոշակիացման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ երբ «Առաքելություն» կուսակցությունը 2013-ի սեպտեմբերին դիմեց քաղաքական տարբեր ուժերի՝ նախազգուշացնելով, որ 3 ամսից կսկսի գործել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որը աղետ կդառնա ժողովրդի համար, ոչ իշխանական չորս խմբակցությունները ոչինչ չձեռնարկեցին։ «Սակայն երբ քաղաքացիական շարժում սկսեց, նրանք հիշեցին տվյալ օրենքի անթույլատրելիության մասին եւ միացան պայքարին։ Սա նշանակում է, որ այսօր Հայաստանում քաղաքական ուժերի օրակարգը քաղաքացիական միավորումներն են թելադրում»,- ընդգծել է Մանուկ Սուքիասյանը։
Նշենք, ոչ իշխանական չորս խմբակցությունները միասնական օրակարգ ձեւավորելու եւ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով խորհրդակցություններ են անցկացնում։
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ուժի մեջ է մտել 2014-ի հունվարի 1-ից: Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի («պարտադիր» բաղադրիչին առնչվող) գործողությունը: ՍԴ-ն այս հարցով վերջնական որոշումը կկայացվի մարտի 28-ին:




























