Ուկրաինայի քաղաքներում բնակչության շրջանում իրադրությունը հանգիստ է, միայն քաղաքական եւ կառավարական շրջանակներից են տարբեր տեղեկություններ ստացվում, NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայ առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայերն այնքան էլ ակտիվ չեն նման հարցերում։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ Ուկրաինայի հայերը երկրի ճգնաժամի հարցում միասնական դիրքորոշում չունեն։ Ինչ վերաբերում է հայ-ուկրաինական հարաբերությունների հնարավոր վատթարացմանը, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը նշեց. «Հուսով եմ՝ գործը դիվանագիտական հարաբերությունների խզման չի հասնի, եւ կողմերը կհասկանան իրար, թեեւ առանձնապես թյուրըմբռնում չկա էլ»։
Հիշեցնենք, Ուկրաինայի փոխարտգործնախարար Դանիիլ Լուբկիվսկին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Ղրիմի անեքսիայի ճանաչումը բացասական հետեւանքների կհանգեցնի հայ-ուկրաինական հարաբերություններում:
«Ուկրաինայում Հայաստանի դեսպանին երկու անգամ կանչել են Ուկրաինայի ԱԳՆ: Մենք նրան հասցրինք մեր անհանգստությունը, Հայաստանում մեր դեսպանատունը համապատասխան հանձնարարություն է ստացել», -ասել էր Լուբկիվսկին։
Մարտի 19-ին ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռախոսազրույց էր կայացել։ Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել էր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը:


























