Երեւանի երթուղայինները 100 դրամով այլեւս ի վիճակի չեն աշխատել, մարտի 22-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը;
Ըստ նրա՝ գծատերերը վերջին անգամ քաղաքապետարան դիմել են մարտի 4-ին՝ հայտարարելով, որ ցածր ուղեվարձի պատճառով ընկերությունները մեկը մյուսի հետեւից փակվում են։ «Եվս 7 ընկերություն է փակվել; Մենք վտանգավոր եզրագծի ենք մոտենում»,- հայտարարել է Եղիազարյանը։ Միությունը նամակով դիմել է նախագահին, վարչապետին եւ քաղաքապետին։
Ապրիլի 4-ին գծատերերը Երեւանի քաղաքապետարանից հստակ սակագնային առաջարկ են ակնկալում։ Այդ օրը կկայանա 2013-ի օգոստոսին ստեղծված տրանսպորտային հանձնաժողովի հերթական նիստը, որի ղեկավարն է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։
Գծատերերը ուղեվարձի կտրուկ բարձրացում են առաջարկում՝ 100-ից 200 դրամ (150-ը ուղեւորներից, 50 –ը՝ քաղաքապետարանի դոտացիայով)։
Այլ տարբերակ են արտոնությունները. Կամ դիզելն ու գազն ինքնարժեքով գնելու հնարավորություն, կամ հարկերից ազատում։ Դրանցից ոչ մեկին քաղաքապետարանը չի համաձայնել:




























