Հերթական անգամ հայտնվել են ստրկամիտ գործիչներ, որոնք բարձրաձայնում են անկախությունից հրաժարվելու եւ ռուսներին հանձնվելու կոչեր: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Ազատության հրապարակում «Դեմ եմ» շարժման հավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող, Ժիրայր Սեֆիլյանը:
Նա նշեց, որ նման հայտարարություններ անողներն ասում են, որ իբր դա անխուսափելի է, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: «Պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է եւ չի կրկնվի, քանի որ մեր պատմությունը մենք ենք կերտում եւ մեր անկախությունը ոչ մեկին չենք զիջելու»,-հայտարարեց Սեֆիլյանը, որից հետո հանրահավաքի մասնակիցները սկսեցին բացականչել. «Մենք ենք տերը մեր երկրի»:
«Մենք համոզված ենք, որ կռիվն ավարտված չէ: Այսօր նոր սերնդի հետ խնդիր ենք դրել ազատագրել Երեւանն ու Հայաստանը ամբողջությամբ: Մենք ուրախ ենք այս շարժման մեջ ներգրավված երիտասարդների համար:
Այս շարժումը լոկ նյութական կորուստների կանխման խնդիր չի դրել, այլ առաջին հերթին արժանապատվության խնդիրն է փողոց հանել մարդկանց: Եղեք համառ ու վճռական»,-ասաց նա՝ հավելելով. «Այսօրվա իշխանությունները պետական այրեր չեն, այլ օկուպանտի հոգեբանությամբ ադմինիստրացիա»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























