Էլիտայի արտոնյալ 20 տոկոսը հետեւողականորեն իր կամքն է պարտադրում 80 տոկոսին, այսինքն ժողովրդին: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Ազատության հրապարակում «Դեմ եմ» շարժման հավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նա հիշեցրեց, որ փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի պատվիրակների հարցերին պատասխանելիս Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ հանրության 80 տոկոսը դժգոհ է կուտակային բաղադրիչի ներդրումից, սակայն շարունակեց, որ բոլոր դեպքերում ներդնելու են այդ համակարգը:
«Սրանում է թաքնված մեր խնդիրների առանցքային պատճառը: ՀՀ քաղաքացիների 80 տոկոսը մեր երկրի բարձրագույն իշխանության կրողն է, այդ 80 տոկոսը կարող ընտրել խորհրդարան ու նախագահ եւ երկրի ճակատագիրը որոշելու լեգիտիմ իրավունք ունի:
Դա ՀՀ ժողովուրդն է, եւ պետականության կրողը: Այդ դեպքում ովքե՞ր են նրանք, որ հանդգնում են հայտարարել, որ կյանքի են կոչելու այդ որոշումը: Պարոնայք Սարգսյաններ դուք իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «Դեմ եմ» շարժումը պայքար է ոչ թե հանուն 10, 20 կամ 50 հազար դրամի, այլ՝ հանուն ժողովրդի իրավունքի, հանուն ժողովրդավարության եւ Սահմանադրության: «Կասկած չկա, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով»,-ընդգծեց նա:
«Պարոնայք իշխանավորներ, դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, որովհետեւ թալանված ժողովուրդը փող չունի: Երկար փողեր եք ուզում, դիմեք օլիգարխներին, որոնք ըստ միջազգային կազմակերպության տվյալների վերջին 10 տարում 6,2 մլրդ դոլար են դուրս բերել Հայաստանից:
Այսօր այստեղ եմ ընդամենը լիակատար եւ ամբողջական զորակցությունս հայտնելու պայքարող քաղաքացուն, ասելու, որ դեմ եմ պարտադիր կուտակայինին եւ ինձնից կախված ամենը կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար»,-ընդգծել է Փաշինյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























