«Դեմ եմ» շարժումը որքան էլ ճշգրիտ է գործել, բայց հիմա վերափոխման նախաշեմին է: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Ազատության հրապարակում «Դեմ եմ» շարժման հավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Պետք է հասկանալ, որ գործի անցնելու ժամն է: Կուսակցություններ, հասարակական կառույցներ, ազատամարտիկներ, գյուղն ու քաղաքը միասին զորակցելով «Դեմ եմ» շարժմանը, պետք է հասկանան, որ ժողովուրդը պահանջում է մեկ բան. դեմ ենք պարտադիրին, որովհետեւ կողմ ենք ինքնիշխան Հայաստանին, կողմ ենք սահմանադրական հեղափոխությանը եւ իշխանությունը ժողովրդին վերադարձնելուն»,-հայտարարեց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր պահն է, որ բոլոր ուժերը, հասարակական նախաձեռնությունները, երիտասարդները, ազատամարտիկները հասկանան, որ գործ է պետք, որի համար պետք է կրիտիկական որակյալ զանգված եւ անկեղծ գիտակցումը, որ «դեմ եմ» շարժումը որքան էլ ճշգրիտ է գործել, վերափոխման նախաշեմին է:

«Ինչպիսի որոշում էլ կայացնի դատարանը մարտի 28-ին, մենք պիտի պատրաստ լինենք միանալ եռագույնի ներքո: Միացեք պրծնենք այս իշխանությունից եւ նոր սերնդին բերեք իշխանության: «Դեմ եմ»-ը դառնալու է կողմ եմ առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի: Այս շարժումն իրավունք չունի մարելու»,-ամփոփեց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am