Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան Երեւանում է եւ շարունակում է աշխատել,  NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից։

Կիեւի պաշտոնական որոշման վերաբերյալ այլ մանրամասներ դեսպանատնից չհայտնեցին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան խորհրդակցության համար Կիեւ  է կանչել դեսպանին

«Որոշվել է խորհրդակցության համար Կիեւ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային», - ճեպազրույցում հայտարարել էր Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը։

Կիեւի դժգոհությունը հարուցել էր մարտի 19-ին ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած հեռախոսազրույցը։ Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել էր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը:

Նշենք, Ուկրաինան ՎՈՒԱՄ-ի անդամ է եւ Ադրբեջանին, Ռուսաստանի հետ  մեկտեղ, զենքի խոշորագույն մատակարարներից։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am