Երեւանի Ազատության հրապարակում այսօր՝ մարտի 22-ին, «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքին մասնակցում են հասարակության ամենատարբեր հատվածների ներկայացուցիչներ։
Բացի ԱԺ ոչ կոալիցիոն չորս ուժերի ներկայացուցիչներից մասնակցում են նրանց երիտասարդական թեւերը, մտավորականներ, ազատամարտիկներ, տարբեր թատրոնների դերասաններ, տարբեր ժամանակներում պարտադիր կուտակային կենսաթոշակային 5% պահումների դեմ բողոքի ակցիաներ անցկացրած ԱԷԿ-ի, ՀԷՑ-ի, «Մետրոպոլիտենի» աշխատակիցները, արհիմությունների ներկայացուցիչները, ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողները, Արագածոտնի մարզի 7 գյուղերի բնակիչները, որոնք, հիշեցնենք, բողոքում են իրենց այգիների ոռոգումը վտանգող նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ, տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում հավաքված բազմության մեջ կարելի է հանդիպել տարբեր ոլորտներում ներգրավված ընկերությունների աշխատակիցներ, որոնց մի մասը եկել է իրենց ընկերությունների տարբերանշաններով շապիկներով։ Շատերը խնդրում են չհրապարակել իրենց ընկերությունների անուները՝ գործատուների հետ խնդիրներ չունենալու համար։
Հրապարակում կան ամենատարբեր տարիքի անձինք՝ նորածին երեխաներից մինչեւ տարեցներ, որոնց վրա թեեւ կենսաթոշակային նոր օրենքը չի տարածվում, բայց եկել են՝ իրենց հետ բերելով խորհրդային խնայբանկերում ունեցած խնայողությունների գրքույկները՝ հիշեցնելով, որ գումարները, որ իրենք ժամանակին վստահել են բանկերին, փոշիացվել են։
Բոլոր ելույթներին հավաքվածներն արձանագրում են «դեմ ենք», «հաղթանակ» վանկարկումներով ու ծափահարություններով։
Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով՝ Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովա պողոտա- Աբովյան փողոց- Հանրապետության Հրապարակ- Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Ազատության հրապարակ:
Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքի նպատակն է Սահմանադրական դատարանում մարտի 28-ին օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին պահանջով սկսվող վարույթին ընդառաջ եւս մեկ անգամ ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածները։
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ.հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: ՍԴ վճիռը կհրապարակվի մարտի 28-ին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























