Ազատության հրապարակում Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքն ավարտվեց «Դեմ եմ» շարժմանը նվիրված ռեփ կատարումով: Այն ներկայացրեց Վանաձորից ժամանած Դավիթն՝ իր ընկերների հետ:
Հավաքի ավարտից հետո մեկնարկեց երթը հետեւյալ երթուղով՝ Ազատության հրապարակ- Մաշտոցի պողոտա- Սայաթ-Նովա պողոտա- Աբովյան փողոց- Հանրապետության Հրապարակ- Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա- Ազատության հրապարակ:
«Դեմ եմ» նախաձեռնության մարտի 22-ի հավաք-երթի նպատակներն են` hանրությանը ներկայացնել հունվարի 18-ի հավաք-երթից հետո տեղի ունեցածը, տալ այդ իրադարձությունների համաչափ գնահատականը, «ՀՀ կառավարման մարմիններին ցույց տալ նախաձեռնության համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծումը կընթանա քաղաքացիական ընդվզումների ու անհնազանդության ճանապարհով»:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ.հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: ՍԴ վճիռը կհրապարակվի մարտի 28-ին։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























