Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության  նախկին նախարար Էդուարդ Ստավիցկիի տանն անցկացված խուզարկության արդյունքում առգրավվել է 42 կգ ոսկի եւ 4,8 մլն դոլար կանխիկ գումար, Facebook-ի իր էջում գրել է ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

Խուզարկությունն անցկացվել է  Ուկրաինայի էներգետիկայի եւ ածխարդյունաբերության   նախարարության պաշտոնյաների կողմից պետական գույքի յուրացման փաստի հետաքննության շրջանակում, փոխանցում  է  «Ուկրաինսկայա պրավդան»։

«Խուզարկության արդյունքում առգրավվել են 42 կգ ոսկե ձուլակտորներ, 4,8 մլն դոլար կանխիկ գումար,   համաշխարհային հայտնի բրենդների արտադրության ձեռքի թանկարժեք ժամացույցներ, ադամանդի նման քարերով տուփեր, մեծ քանակությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր,  անշարժ գույքի փաստաթղթեր, բաժնեմաս տարբեր ընկերություններում, հողատարածքներ, օֆշորային գոտիներում տարբեր ընկերությունների գրանցման փաստաթղթեր, բանկային քարտեր, տարբեր բանկերում հաշվեհամարների փաստաթղթեր», - նշել է Ավակովը: