«Լիլի» ռեստորանի եւ հարսանյաց սրահի սեփականատեր 48-ամյա Գրիգոր Խաչատրյանի սպանությունից մոտ երկու ամիս է անցել, սակայն այդպես էլ գործը չի բացահայտվում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Գործի շրջանակներում ձերբակալվածներ, կալանավորվածներ չկան, օպերատիվ միջոցառումները շարունակվում են: Մեր տեղեկություններով՝ իրավապահները եկել են եզրահանգման, որ սպանության ամենահավանական վարկածը վենդետան է, սակայն դեռ այն չի բացահայտվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Խարբերդի ճանապարհին գտնվող «Լիլի» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանը մահացել է ստացած հրազենային վնասվածքից: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հայտնել էին, որ Գրիգոր Խաչատրյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Մասիսի» հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 235-րդ (ապօրինի զենք պահելը) հոդվածի հատկանիշներով:



























