Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանին ծեծի ենթարկելու եւ դեմքին կրակելու միջադեպը բացարձակ կապ չունի նրա մասնագիտական գործունեության հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Վաչագան Այվազյանը:
Տնօրենը անձամբ դեպքին ականատես չի եղել, բայց տարածքում մի շարք անձինք են եղել: «Բժիշկը գալիս էր աշխատանքի, իրենք երկուսով էին՝ մեքենայով, մի ընկեր էլ դուրսն էր. ասացին՝ ճանապարհը բաց թող, նեղ տեղ էր, բժիշկն էլ, թե կարող եք անցնել այս ճանապարհով, տեղ կա անցնելու, դրանք էլ՝ քեզ որ ասում ենք քաշի ավտոդ, ուրեմն՝ քաշի, բժիշկն էլ՝ մի քիչ քաղաքավարի խոսեք: Այդ խոսքերից հետո իջել են մեքենայից, խփել եւ գազային ատրճանակով կրակել դեմքին»,- պատմեց տնօրենը:
Նա նշեց, որ բժշկի վիճակը նորմալ է, մի քանի օր է անհրաժեշտ ապաքինման համար, աչքերը կարմրել են: Վաչագան Այվազյանն ասաց, որ ամեն ինչ վայրկյանների ընթացքում է եղել, դրա համար էլ տարածքի մարդիկ չեն կարողացել միջամտել:
Իսկ թե ովքեր էին այդ երիտասարդները, տնօրենն ասաց, որ նրանք հիվանդանոցի կողքի խանութի տերերն էին, ովքեր վարձակալությամբ են տվել տարածքը, բայց ժամանակ առ ժամանակ գալիս եւ «տիրություն են անում»: Դեպքի օրն էլ նրանք հիվանդանոցի տարածքով գնում էին իրենց խանութ: Վաչագան Այվազյանն ասաց, որ երիտասարդների ինքնությունը պարզ է, երբ ոստիկանները ժամանել են, նրանք փախել են տնից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նորք Մարաշում, մարտի 21-ին, Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության գիտական կենտրոնի բժիշկ Կարեն Մուրադյանին ծեծի են ենթարկել ու կրակել դեմքին: Կեսօրին մոտ հիվանդանոց այցելած երկու երիտասարդ (20-21 տարեկան), բակում վիճաբանել են Կարեն Մուրադյանի հետ, ինչի ընթացքում հարվածել են նրա դեմքին, ապա նրանցից մեկն իր մոտ եղած ատրճանակով կրակել է բժշկի դեմքին: Կրակոցներից հետո երկուսն էլ, որոնք եղբայրներ են եղել, դիմել են փախուստի: Հիվանդանոցի աշխատակիցները չեն հասցրել տեսնել կրակող տղաներին:
Նշենք, որ Կարեն Մուրադյանը քիթ կոկորդի բժիշկ է: Երիտասարդները դիմել են փախուստի, կատարվում է հետաքննություն: Նրանց դեռ չեն հայտնաբերել: NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանց միջեւ վիճաբանությունը ավտոկայանատեղիի պատճառով է եղել:



























