Ներկայումս ՆԱՏՕ-ն վերանայում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ ՆԱՏՕ-Ռուսաստան ռազմական համագործակցությունը դադարեցված է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի կապերի գծով ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն:
Նրա խոսքով՝ թեեւ ՆԱՏՕ-Ռուսաստանի խորհուրդը հանդիպում կհրավիրի, սակայն հարաբերությունների ապագա մակարդակի վերաբերյալ Դաշինքը որոշում կկայացնի առաջիկա 2-3 ամիսների ընթացքում:
«Ղրիմի անեքսիան ընկալվում է որպես Եվրոպային ուղղված սպառնալիք, ու այդ պատճառով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների մակարդակը վերանայման կարիք ունի: Հետեւաբար, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները պետք է կոնսենսուսի գան եւ որոշում ընդունեն այդ հարաբերությունների հետագա նշանակության վերաբերյալ»,-ընդգծել է Ուիլյամ Լահյուն:
Հիշեցնենք, որ Բրյուսելում միջազգային կոնֆերանսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Գոգ Ռասմուսենը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքերից հետ Ռուսաստանի հետ հարաբերությունները այլեւս նախկինը չեն լինի: «Ռուսաստանը փոխել է խաղի կանոնները ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, որոնք հիմա պետք է ամրացնեն իրենց տնտեսական ու ռազմական կապերը»,-ասել է Ռասմուսենը:



























