Մոտ 20 օր է, ինչ Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը հացադուլի մեջ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:
Արտակ Կարապետյանի հոր խոսքով՝ երիտաարդի առողջական վիճակը շատ վատ է: Այժմ ընտանիքը սպասում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ հասցեագրված դիմումի պատասխանին, իսկ մյուս ատյաններին, որոնց դիմել էին, կամ մերժել են, կամ էլ դեռ պատասխան չկա:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունիսի 26-ին Գյումրիի ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոցի, երկրորդ նրանքի թիվ 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Տանտիրոջ կամ հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր վաստակաշատ բժիշկին:
Դատարանը երիտասարդին դատապարտել է երկու հոդվածներով` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է ` դիտավորյալ սպանություն կատարելը, որը նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում, եւ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խուլիգանություն կատարելը` վերջնական պատիժ նշանակելով 15 տարի ազատազրկումը: Դատապարտյալը պահանջում է վերանայել իր գործը եւ փոխել պատժաչափը: Վճռաբեկ դատարանը բողոքը ետ էր վերադարձրել, դատախազությունը եւս մերժել էր վերանայել գործը:



























