40 տարով չի կարելի գող ու ավազակին փող տալ: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Ազատության հրապարակում «Դեմ եմ» շարժման հավաքի ժամանակ հայտարարեց դերասան Աշոտ Ադամյանը՝ հիշեցնելով ժողովրդական խոսքը՝ «Յա էշը կմեռնի, յա էշատերը»:

«Պետություն անվան տակ պետություն չկա: Պատկերավոր ասած, եթե իմ խղճուկ պենտիումի վրա վերջին տեխնոլոգիայով ծրագիր դնեմ, իմ պենտիումը կխփի: Իսկ որպեսզի համակարգիչս մարսի դա, պետք է հզոր պենտիում ունենալ: Մեզ մոտ կուտակայինը չի աշխատի, որովհետեւ համակարգը ի զորու չէ այն իրականացնել»,-ասաց նա:

Դերասանը նկատեց, որ բոլորս այսօր հայտնել ենք մի սայլում, որի քաշողը բոլորովին բանի պետք չէ: «Ու մինչ մենք այդ սայլում իրար ենք գզում, քաշողը կտանի կխփի պատին ու մենք բոլորս կտուժենք»,-ասաց նա:

Ադամյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ «Դեմ եմ» շարժումը հաղթանակ տանի, դա կլինի հանգրվանային հաղթանակ, որովհետեւ դեռ բազմաթիվ խնդիրներ կմնան, որովհետեւ «մեզ պետք է հրաշալի եւ վերջին հնարավորություններով պենտիում, ոչ թե խղճուկ»:

«Պետք է ձեւը գտնվի, որ «Դեմ եմ»-ը ոչ միայն այս հարցում կայանա, այլեւ մնացած բոլոր հարցերում, որ սայլը փոխվի»,-իր խոսքն ամփոփեց դերասանը: