«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մարտի 22-ի հավաք-երթն ավարտվեց Ազատության հրապարակում։ Երթը, որին մասնակցում էին խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները, տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ եւ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող բազմաթիվ քաղաքացիներ անցավ առանց միջադեպերի, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Ամբողջ ընթացքում ոստիկանները պատ կազմած ուղեկցում էին երթի մասնակիցներին, սակայն ոչ մի անգամ չմիջամտեցին, չնայած ամբողջ երթի ընթացքում մասնակիցները  քայլում էին փողոցների երթեւեկելի հատվածով՝ փակելով փողոցի մի հատվածը:

Վերադառնալով Ազատության հրապարակ` երիտասարդները մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեցին հավաքվածխներին, իսկ հավաքն ավարտեցին վանաձորցի Դավիթ Հակոբյանի ռեփով որը նվիրված է «Դեմ եմ» շարժմանը:

Նշենք, որ հավաք-երթին մասնակցում էին ՀԱԿ-ից Հրանտ Բագրատյանն ու Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանն ու Վահան Բաբայանը, «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որի համաձայն 1974թ.հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձից կպահվի 5 տոկոսի չափով կենսաթոշակային կուտակային պարտադիր վճար, որոնք կտնօրինեն մասնավոր հիմնադրամները: Հունվարի 24-ին ՍԴ-ն որոշեց ժամանակավորապես դադարեցնել օրենքի որոշ դրույթներ: ՍԴ վճիռը կհրապարակվի մարտի 28-ին։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am