Կոդ դ’Իվուարի նախկին նախագահ Լորան Գբագբոյի օգնական Շարլ Բլե Գուդեին հանձնել են միջազգային քրեական դատարանի աշխատակիցներին: Այս մասին ասվում է Կոդ դ’Իվուարի կառավարության տարածած հաղորդագրությունում:

Բլե Գուդեին մեղադրում են 2010-2011 թվականներին մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ: Նա Գբագբոյի կառավարման տարիներին գլխավորել է երիտասարդ հայրենասերների ծայրահեղական կազմակերպությունը, որը զբաղվում էր մարդկանց առեւանգումներով ու սպանություններով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Քաղաքական գործիչը ձերբակալվել է Գանայի տարածքում, 2013-ի հունվարին: Մի քանի տարի շարունակ Կոդ դ’Իվուարում ուժգնանում է զինված հակամարտությունը երկրի հյուսիսի ապստամբների եւ կենտրոնական իշխանությունների միջեւ: Այդ հակամարտությունը նոր թափ ստացավ, երբ 2010-ին Լորան Գբագբոն պարտվեց նախագահական ընտրություններում, բայց հրաժարվեց հանձնել իշխանությունը Ալասան Ուատարային (ներկայումս երկրի գործող նախագահն է):

Ապստամբների հզոր ռազմական գործողությունների հետեւանքով նրանց հաջողվեց գրավել երկրի մայրաքաղաքը, սիկ Գբագբոյին հեռացրին իշխանությունից եւ կալանավորեցին: 2011-ի վերջից նա գտնվում է Հաագայի միջազգային քրեական դատարանում եւ սպասում է դատական գործընթացի մեկնարկին:

Ընդհանուր առմամբ՝ Կոդ դ’Իվուարում զինված հակամարտության արդյունքում զոհվել է ավելի քան 3 հազար մարդ: