Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում։ Մարտի 22-ին, ժամը 19:00-ի սահմաներում, Շիրակի մարզի Կապս գյուղի բնակիչ, 29–ամյա Արտակ Մուսայելյանն իր վարած «ՎԱԶ 2112» մակնիշի «33 VO 832» պետհամարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Վարորդը դեպքի վայրից փոխուստի չի դիմել, տուժածներին տեղափոխել է Գյումրու բժշկական կենտրոն: Ըստ նախնական տվյալների, վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են եղել, ովքեր փորձել են անցնել փողոցը:

Վրաերթի ենթարկվածները նույն հասցեի՝ Մուսայելյան 285 տան բնակիչներ են: Տուժած 50-ամյա Ռոզա Շալիկոյի Մարտիրոսյանը, Գյումրու բժկական կենտրոնում գիտակցության չգալով, մահացել է: Նրա 4-ամյա թոռնիկը հիվանդանոցում է։

Վթարի վայրում աշխատել են ՃՈ աշխատակիցներն ու ոստիկանության Կումայրու բաժնի օպերատիվ քննչական խումբը: Վրաերթի ենթարկած վարորդ Արտակ Մուսայելյանը մեղայականով ներկայացել է ոստիկանության Կումայրու բաժին: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: