Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեք չարագործների այն պահին, երբ նրանք Վալովայա փողոցում առեւտրային բանկոմատը գողանալուց հետո փորձում էին դիմել փախուստի: Այս մասին հայտնել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության քրեական հետախուզության վարչությունից:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 21-ի գիշերը, երբ ՀՀ երեք քաղաքացիներ (26-32 տարեկան) «Մերսեդես» եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենաներով մոտեցել են բանկոմատին, բացել են դուռն ու մտել բանկի շենք: Ներսում տեսնելով բանկոմատը, նրանք առանց երկար մտածելու, վերցրել են բանկոմատն ու դրել մեքենայի բեռնախցիկում:

Այդ պահին հայտնվել են ոստիկանները եւ փորձել են ոլորել տղաների ձեռքերը, սակայն վերջիններս նետելով գողոնը, փորձել են փախչել: Չարագործներին ձերբակալելու համար ոստիկանները ստիպված են եղել երկու անգամ օդ կրակել:

Հետախույզները տեղեկություն ունեն, որ ձերբակալվածները Հյուսիսային ադմինիստրատիվ շրջանի տարածքում գտնվող կենցաղային էլեկտրոնիկայի սուպերմարկետից հեռուստացույցներ են գողացել՝ ավելի քան 600 հազար ռուբլի արժողությամբ: Այդ պահին շարունակվում են աշխատանքները նմանատիպ այլ հանցոգործություններին ձերբակալվածների մասնակցությունը հաստատելու համար, հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի ՊՎ քրեական հետախուզության վարչությունում: