Նոր Նորքի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի հայտնեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 313 հոդվածի, 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Կաշառք ստանալու միջնորդությունը պաշտոնական դրությունն օգտագործելով):
Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝ 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում: Ձերբակալվել է նաեւ նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: Նախաքննությունը շարունակվում է: Նոր Նորքի զինկոմի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:



























