Ֆրանսիական արբանյակները Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում հայտնաբերել են օբյեկտներ, որոնք կարող են Malaysian Airlines ավիաընկերության անհետացած Boeing 777-200 մնացորդները լինել:

«Մալազիան ֆրանսիացի պաշտոնյաների կողմից արբանյակների նոր լուսանկարներ է ստացել: Մենք անհապահաղ դրանք փոխանցել ենք որոնողական աշխատանքների ավստրալիական համակարգող կենտրոն»,- հայտարարել է Մալազիայի տրանսպորտի նախարարությունը: Նախարարությունը տվյալ լուսանկարների լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել:

Այս պահին Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում՝ Ավստրալիայի ափերից արեւմուտք,  որոնողական աշխատանքներ են անցկացվում: Ավելի վաղ այդ շրջանում արբանյակները որոշ օբյեկտներ են գրանցել, որոնք կարող են անհետացած ինքնաթիռի մնացորդները լինել:

Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում, որտեղ գտնվել են մնացորդները, որոնողական ութ ինքնաթիռ կաշխատի:

Որոնումների շրջանը բաժանվել է երկու հատվածի՝ 59 հազար քառակուսի կմ մակերեսով բաց օվկիանոս, մյուսը՝  2,5 հազար քառակուսի կմ մակերեսով ավստրալիական Պերտ քաղաքից հարավ-արեւմուտք ընկած հատվածում: Ավստրալիական ինքնաթիռներից բացի որոնողական աշխատանքներին մասնակցում են նաեւ երկուական չինական եւ ճապոնական ինքնաթիռներ, մի քանի նավեր, ինչպես նաեւ չինական հետազոտական «Սյուէուլուն» սառցահատը: