Այս հանգստյան օրերին ինտերնետ օգտատերերը Ուկրաինայի հարավ-արեւելքում գտնվող Դոնեցկ քաղաքից արձագանքել եներկրում ստեղծված քաղաքական իրավիճակին անսպասելի կերպով:

Նրանք խնդրել են անցկացնել հանրաքվե՝ Դոնեցկը, որը նախկինում կրում է Յուզովկա անվանումը, միացնելու Մեծ Բրիտանիային, կամ նվազագույնը ինքնավարության կարգավիճակ շնորհել, որտեղ պետական լեզուն անգլերենը կլինի, քանի որ քաղաքը հիմնել է անգլիացի արդյունաբերող Ջոն Հյուզը:

«Դոնեցկցինե՛ր, եղբայր անգլիացիներ… Որոշիչ պահն է հասել:

Միայն դու կարող ես որոշել, թե որտեղ պետք է ապրեն երեխաներդ, ինչ լեզվով խոսեն: Ինչպես հայտնի է, Յուզովկան ի սկզբանե անգլիական քաղաք է, որը հիմնել է անգլիացի արդյունաբերող Ջոն Հյուզը: Ավելի քան 100 տարի ռուսները խաբել են մեզ, թե սա ռուսական քաղաք է, իսկ ուկրաինացիները, թե ուկրաինական է: Մենք պահանջում ենք հանրաքվե Յուզովկան Մեծ Բրիտանիայի կազմ վերադարձնելու համար: Փառք Ջոն Հյուզին ու նրա քաղաքին: Աստված, պահպանիր թագուհուն»,- ինտերնետում հրապարակված կոչը ներկայացնում է Donbass.ua-ն:

Ներկայացվում է քվեարկության ձեւը, որը կրում է «Հանրաքվե Յուզովկան («Դոնեցկ») Մեծ Բրիտանիայի կազմ վերադարձնելու համար»: Արդեն 7000 մարդ քվերակել է, 61 տոկոսը կողմ է Մեծ Բրիտանիային միանալուն, 16 տոկոսը՝ լայն ինքնավարությանն ու անգլերենը շրջանային լեզվի հռչակմանը: