Տեղի բնակիչները Պրիմորիեի Լազովի շրջանի Կիեւկա գետում սատկած վագր են հայտնաբերել: Ըստ նախնական տվյալի` անցյալ տարվա նոյեմբերին գիշատիչը սառույցների տակ է մնացել եւ սատկել:

«Տեղի ձկնորսները հայտնել եին, որ 2013 թ. նոյեմբերին սառույցի վրա վագրի հետքեր էին տեսել: Հանգստյան օրերին այդ նույն ձկնորսները սառույցի տակ վագրի լեշ են հայտնաբերել: Սատկած կենդանին դուրս է բերվել ջրից եւ ուղարկվել լաբորատորիա», — ասել է «Ամուրի վագր» կենտրոնի Պրիմորիեի մասնաճյուղի ռտնօրեն Սերգեյ Արամիլեւը: 

Ըստ նրա` նախնական զննման ժամանակ լեշի վրա վնասվածքների հետքեր չկան, այդ պատճառով էլ մասնագետները կարծում են, որ գիշատիչը պարզապես չի կարողացել դուրս գալ կոտրված սառույցների միջից եւ սատկել է:  Սակայն վստահորեն այս մասին կարելի է ասել միայն դիահերձումից հետո, նշել է Արամիլեւը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ամուրյան վագրը Միջազգային կարմիր գրքում է ընդգրկված, դրա որսը արգելված է: Պրիմորիեի եւ Խաբարովսկի երկրամասերում  բնակվում է 500 ամուրյան վագր: «Հովազի երկիր» ազգային  կենդանաբանական այգու եւ հարակից տարածքում  ապրում է 20 վագր: