Չինական օդանավը, որը մասնակցում էր մալայզիական Boeing 777 օդանավի որոնողական գործողություններին, հայտնաբերել է «կասկածելի օբյեկտներ»:
Հաղորդվում է, որ «քառակուսի ձեւ ունեցող սպիտակ օբյեկտները» նկատվել են Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Հայտնաբերված օբյեկտների կոորդինատները փոխանցվել են որոնողական գործողության ավստրալական կոորդինացիոն կենտրոնին, ինչպես նաեւ ուղարկվել են չինական սառցահատին, որը որոնման գոտի է ուղեւորվել, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Xinhua-ն:
Հիշեցնենք, որ օդանավի որոնման աշխատանքները մեկնարկել են մարտի 20-ից Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում, երբ Ավստրալիայի իշխանությունները հայտարարել էին, որ արբանյակն այդ հատվածում երկու օբյեկտներ է հայտնաբերել, որոնք ենթադրաբար կարող էին կապ ունենալ անհետացած օդանավի հետ:



























