«Dasaran.am» կրթական ծրագրի վերապատրաստումներին արդեն մասնակցել են Երեւան քաղաքի եւ ՀՀ 10 մարզերի ավելի քան 35.000 օպերատորներ եւ ուսուցիչներ:

«Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Արագածոտնի մարզ՝ տեղի գյուղական համայնքի 81 դպրոցների ավելի քան 160 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով: Հաջորդ կանգառը Լոռիի մարզն էր, ուր 98 դպրոցներ եւս միացան «Dasaran.am» կրթական ծրագրին՝ հաջողությամբ անցնելով վերապատրաստման գործընթացը:

Վերապատրաստումները միտված էր օպերատորների, ուսուցիչների եւ դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:

«Derasan.am»-ի փոխանցմամբ՝ ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլեւ տեղում՝ համակարգիչների առջեւ, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաեւ «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաեւ ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը վայելում է ՀՀ ԿԳ նախարարութան եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքերով: