Թեոդոսիայում ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինայի ՌԾՈՒ-ի զորակայանի տարածք: Կայանի հրամանատարության ներկայացուցիչը հայտնել է, որ առավոտյան ժամը 4-ի մոտ զորակայանին է մոտեցել ԿԱՄԱԶ` հատուկ նշանակության ջոկատայիններով, երկինք են բարձրացել մի քանի ուղղաթիռներ, կայանի վրա սկսել են խլացնող նռնակներ նետել, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Ըստ ծովայինների` հատուկ նշանակության ջոկատին հաջողվել է ներխուժել զորակայանի տարածք:
Ղրիմում Ուկրաինայի պաշտպանության նախարարության մեդիակենտրոնի ղեկավար Վլադիսլավ Սելեզնյովը, վկայակոչելով սեփական աղբյուրները, Facebook-ի իր էջում հայտնել է, որ « 6.17-ի դրությամբ` զորամասի տարածքից դուրս են եկել 3 ՈՒՐԱԼ-ներ` ուկրաինացի գերի ծովայիններով, նրանց ձեռքերը կապված են եղել»:
Նա նաեւ շարունակել է. «Աղբյուրներից հայտնի է դարձել, որ 60-80 ուկրաինացի ծովայիններ դուրս են բերվել զորակայանի տարածքից: Նրանք ձերբակալված են: Գտնվում են Թեոդոսիայի նավահագստի տարածքում: Նրանց սպառնում են քրեական գործեր հարուցելով»:
Սելեզնյովը հայտնել է, որ աղբյուրները հերքում են այն տեղեկությունը, թե ուկրաինացի ծովայիները առաջինն են կրակ բացել` հրահրելով Թեոդոսիայում զորակայանի վրա ՌԴ-ի հատուկ նշանակության ջոկատի գրոհը:
Հիշեցնենք, մարտի 23-ին Ղրիմում ապօրինի ձերբակալվել էր А4398 զորամասի (Սեւաստոպոլ) 2-րդ աստիճանի հրամանատար Դեմյանենկոն: Մարտի 22 -ին ՌԴ ԶՈՒ-ն գրոհով վերցրել էր Բելբեկի զորամասը:
Մարտի 22 -ին ՌԴ ԶՈՒ ծովային հետեւակների ստորաբաժանումը գրոհով վերցրել էր «Վիննիցա» կորվետը: Նրանք բարձրացել էին նավ եւ անձնակազմին առաջարկել իջեցնել Ուկրաինայի ՌԾՈՒ-ի դրոշը եւ բարձրացնել Անդրեեւյանը:
Երկու ժամ անց էլ ռուսական զինվորականները երկժամյա գրոհից հետո գրավել էին Ուկրաինայի «Սլավուտիչ» նավը:
Ուկրաինացի զինվորականները երկրի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխին մեղադրել են իրենց լքելու համար: Տենյուխն էլ հրամանատարներին մեղադրել է զինվորներին վատ դաստիարակելու համար: Նա ընդգծել է, որ զինվորները պետք է կատարեն հրամանները, այլ ոչ թե գանգատվեն: Տենյուխը նաեւ հերքել է լուրը, թե ուկրաինացի զինվորներն այժմ անզեն են:
Մարտի 23-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը խոստացել էր ազատել Ղրիմում բռնված բոլոր հրամանատարներին:



























