ՌԴ մայրաքաղաքում ձերբակալել են Կրասնոյարսկում գործող հանցախմբի ենթադրյալ պարագլուխ Վիլոր Ստրուգանովին, որը հայտնի է «Պաշա Ցվետոմուզիկա» մականվամբ, հայտնում է ՌԴ ՆԳՆ-ն:
«Այս պահին ձերբակալվածը կասկածվում է հինգ սպանություններում` կատարված Կրասնոյարսկի երկրամասում», — ասված է հաղորդագրությունում:
Գերատեսչությունում նշել են, որ 52-ամյա տղամարդու գլխավորած խմբավորման անդամները պատվերով սպանություններ են գործել Կրասնոյարսկի երկրամասի տարածքում` քրեական հեղինակությունների ազդեցության ոլորտները փոփոխության ենթարկելու նպատակով: Կասկածյալը ձերբակալվել է Մոսկվայի Հարավարեւմտյան շրջանում` ժամանակավոր բնակության վայրում, ներկայումս ճշտվում է Ռուսաստանի տարածքում այլ հանցագործություններին նրա հանցակցության փաստը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Պաշա Ցվետոմուզիկան» կասկածվում է չորս սպանություններ կազմակերպելու մեջ եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված:
Անցյալում Ստրուգանովը Կրասնոդարի երկրամասի դատարանի կողմից դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման: Նա մեղավոր էր ճանաչվել «սպանություն հրահրելու եւ կանխամտածված վարձու սպանություն գործելու մեջ, որը ավարտին չէր հասցվել մեղադրյալից անկախ պատճառներով», ինչպես նաեւ ահաբեկչության մեջ:


























