Հայաբնակ Քեսաբի վրա ահաբեկչական հարձակման արդյունքում Հայաստանը կորցնում է Մերձավոր Արեւելքում իր ամենահին համայնքներից մեկը: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:
Պատգամավորը խոսնակից հետաքրքրվել է, թե ինչ գործողություններ է մտադիր ձեռնարկել Երեւանը, եւ արդյոք կա ԱԳՆ հետ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտություն: Ի պատասխան Աբրահամյանն ընդգծել է, որ իսկապես, սիրիահայերի հետ կապված իրավիճակը շատ բարդ է. «Նպատակահարմար է ԱԳ նախարարին կամ գերատեսչության ներկայացուցչին հրավիրել ԱԺ, ով էլ կներկայացնի իրավիճակը: Այնուամենայնիվ, Հայաստանը իրավասություններ չունի միջամտելու այլ երկրի ներքին խնդիրներին»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ի առավոտյան թուրքական տարածքից հայաշատ ու ալավիներով խիտ բնակեցված Լաթակիա նահանգ են ներխուժել զինված գրոհայիններ՝ «Ջեբհատ-ան-Նուսրա» խմբավորումից: Ներկայումս կառավարական բանկի ու զինյալների միջեւ կատաղի մարտեր են ընթանում: Նախօրեին Թուրքիան հերթական անգամ ահաբեկիչներին ուղղակի օգնություն էր ցուցաբերել՝ ոչնչացնելով սիրիական ռազմական օդանավը, որը պաշտպանում էր քաղաքի հայկական բնակչությանը:


























