Թուրքիայի օդուժի կողմից մարտի 23-ի կեսօրին խփված սիրիական ռազմական օդանավի օդաչուն հիվանդանոցում հայտարարել է, որ իր օդանավը եղել է Սիրիայի տարածքում եւ հեռու է եղել Թուրքիայի սահմանից մոտ 7 կմ։

Թուրքական OdaTV կայքը՝ վկայակոչելով սիրիական աղբյուրները, գրել է, որ թուրքական կործանիչների կողմից հարձակումից հետո օդապարիկով փրկված սիրիացի օդաչուն հիվանդանոցում հարցազրույց է տվել լրագրողներին։

Օդաչուն, որի անունը չի նշվում, հայտնել է, որ ինքը մարտական հետախուզություն է կատարել Քեսաբի շրջանում՝ հայտնաբերելու ահաբեկիչների թաքստոցները, որի ժամանակ թուրքական ռազմական օդանավից իր ուղղությամբ արձակվել է 2 հրթիռ։

Օդաչուն կտրուկ հերքել է Թուրքիայի սահմանը խախտելու վերաբերյալ թուրքական պնդումները՝ շեշտելով, որ իր օդանավը սահմանից եղել է 7 կմ հեռավորության վրա։

Նշենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթակիայի շրջան։

Ահաբեկիչների 2 խոշոր խմբեր հարձակման են անցել Թուրքիայի տարածքից։