Հեոինի ու օփիումի նման ծանր թմրադեղերը Հայաստան են բերվում Իրանից: Այս մասին հայտարարել է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկությունների բաժնի պետ Արթուր Մինասյանը՝ ներկայացնելով նախորդ տարվա ընթացքում թմրանյութերի հետ կապված իրավիճակի վերաբերյալ զեկույց:
Ըստ նրա՝ Իրանից Հայաստան ծանր թմրամիջոցների «մատակարարման» բաժինը կազմում է մոտ 98 տոկոս: Բացի այդ, Իրանից Հայաստան են բերում հաշիշ: Նախորդ տարիներին գրանցվել է մի քանի դեպք, երբ հաշիշը Թուրքիայից Վրաստանի միջոցով փորձել են Հայաստան տեղափոխել: Բացահայտվել են ներմուծման մի քանի ապօրինի փորձեր Ռուսաստանից:
Ինչպես ոստիկանության ներկայացուցիչն է նշել, վերջին տարիներին գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի ավելացում:
Հիմնականում թմրանյութեր օգտագործողները 30-35 տարեկան կամ ավելի մեծ անձինք են: 2014-ի հունվարի մեկի դրությամբ հաշվառված է 5 հազար թմրամոլ: Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը հազարով ավելացել է: Կանանց ու անչափահասների քանակությունը շատ քիչ է: Մինասյանը նշել է, որ կանխարգելիչ աշխատանքներ են տարվում:



























