Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել, որով կառավարությանը հանձնարարվել է վաճառել պետական նստավայրերը, ամառանոցները եւ հանգստի գոտիներն ու տրանսպորտը: Փաստաթղթի տեքստը տեղակայված է Տուրչինովի պաշտոնական կայքում:
Տեքստում նշված է, որ որոշումը Պետբյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու միջոց է:
Կառավարությանը եւ պետական գույքի հիմնադրամին հանձնարարվել է տրված լիազորություններին համապատասխան` ապահովել նախատեսված պետական գույքի օտարման իրականացումը, եւ սահմանված կարգով նման գույքի վաճառքից ստացված միջոցները փոխանցել Ուկրաինայի պետբյուջեի ընդհանուր ֆոնդ:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունը բոլոր նախարարություններին հանձնարարել էր երկու ամսվա ընթացքում պետական նստավայրերի եւ հանգստավայրերի գույքագրում կատարել:


























