Հայաստանում քիչ հավանական է թեթեւ թմրամիջոցների օրինականացումը: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Մինասյանը:

«Չեմ կարծում, որ դա հնարավոր է»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Հայաստանում, հակառակը, թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի ուժգնացման գործընթաց է ընթանում:

Արթուր Մինասյանը հիշեցրել է, որ նախորդ տարի մշակվել ու ընդունվել է թմրանյութ պարունակող բույսերի ցանկը, որոնց աճեցումն արգելվում է. դրանց շարքում են կանեփը, կակաչը, հավայան վարդը, երկնագույն ջրաշուշանը:

«Տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ մեզ մոտ վիճակն ավելի լավ է, սակայն ընդհանուր առմամբ, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աշխարհում աճի միտում ունի»,-ընդգծել է Մինասյանը: