Չի բացառվում, որ Հայաստանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որտեղ երկիրը ունենա իշխանություն եւ այլընտրանք, բայց չունենա ընդդիմություն: Այս մասին մարտի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ-ի ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ըստ նրա` ընդդիմադիր դաշտի համախմբումը նորություն չէ: «Ես ողջունում եմ մեր երկրում ցանկացած քաղաքական համախմբում` լինի այն ընդդիմադիր, թե իշխանական ճամբարում, այն միանգամայն օգտակար է», - նշել է Մինասյանը: Ըստ նրա` տվյալ դեպքում համախմբում է տեղի ունենում առանց որեւէ պարտադրանքի: «Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց մենք ավելի բարձր մակարդակի համախմբվածություն կունենանք: Այդպիսի հանգամանքներում ենթադրում եմ, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ընդդիմադիր դաշտ կբերեն այլընտրանքային քաղաքական ուժ, կամ էլ այլընտրանքային քաղաքական ուժը ընդդիմադիր կուսակցություններին այլընտրանքային քաղաքական դաշտ կբերի», - կարծիք է հայտնել պատգամավորը` հիշեցնելով, որ այլընտրանքային ուժի ` ԲՀԿ-ի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ իրեն երբեք ընդդիմության դերում չի ներկայացրել:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/ NEWS.am


























