Երեւանցիներս չենք նեղանա, հանգիստ թողեք փողոցային առեւտուր իրականացնող մարդկանց: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բաշխյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Այսօր, մարտի 24-ին տեղի ունեցած Երեւանի քաղաքապետի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց, որ միայն Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերել են բացօթյա ապօրինի առեւտրի 28 դեպք ու կազմել են արձանագրություններ: Սա նշանակում է, որ այդքան մարդ տուգանվել է բավական չի, նրանց թույլ չեն տալիս իրականացնել փողոցային առեւտուր: Բոլորս գիտենք, Երեւանի քաղաքապետը նույնպես, որ հիմնականում օրվա հացի խնդիր ունեցող տարիքով մարդիկ են զբաղվում նման առեւտրով: Որքան էլ իսկապես տգեղ լինի երեւույթը, կարծում եմ երեւանցիներս չենք նեղանա, եթե այդ մարդկանց հանգիստ թողնեք:
Երեւանում կան շատ ավելի տգեղ երեւույթներ, որոնց համար ոչ մեկը չի պատժվում, օրինակ Օղակաձեւ զբոսայգու Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցը, որը նախագծային էական խախտումներով կառուցվել էր «Մանկական զվարճալիքների կենտրոն» ու «Լենա Թովմասյան» ՍՊ-ի կողմից եւ դրա հետեւանքով փլուզվել էր 2012թ. հոկտեմբերի 25-ին, սակայն Երեւանի քաղաքապետարանի կողմից 16.07.2013 թ. ստացել է շինարարական նոր թույլտվություն ու կառուցապատողի կողմից շինարարական աշխատանքները դեռեւս չեն վերսկսվել: Չափազանց տգեղ են այդ շինարարության հետքերը՝ ժանգոտված, սեւացած, ցցված սյուներ, կարծես երկրաշարժի տխուր հետքեր լինեն:
Ըստ մարտի 18-ին ինձ հասցեագրված քաղաքապետի խորհրդականի կողմից ստորագրված նամակի, քաղաքապետարանի կողմից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առաջարկվել է կամ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնել կամ լուծել տարածքի վարձակալության պայմանագիրը: Նշեմ, որ սա Քաղաքապետի հանձնարարականն է, որը, որքան էլ տարօրինակ է, կատարման ժամկետ չունի: Յուրաքանչյոր գործակարգավարականի ժամանակ սպասում եմ , որ զեկուցվի այդ հանձնարարականի մասին, սակայն՝ ապարդյուն:
Գործակարգավարականում կրկին անդրադարձ եղավ դպրոցներում դրամահավաքի երեւույթի բացառման հանձնարարականին, որին իհարկե անձամբ դեմ եմ, եթե դրա նպատակը որեւէ մեկին նվերի տեսքով կաշառք տալն է: Իմ խորին համոզմամբ, ծայրահեղ է հնչում հանձնարարականը, որովհետեւ մանկապարտեզներում եւ դպրոցներում կան միջոցառումներ, որոնք առանց ծնողների միջոցով կամավոր դրամահավաքի չեն իրականանա, ավելին՝ նման դեպքերում մանկապարտեզի եւ դպրոցների տնօրենները խստորեն կքննադատվեն: Սակայն այս երեւույթը չի վերանա, քանի դեռ մի քիչ ավելի բարձր մակարդակում շատ ընդունված եւ պահանջված է դրամահավաքը, եւ դրա վերացման մասին իրավունք ունեն բարձրաձայն խոսել միայն այն պաշտոնյաները, ովքեր չեն օգտվում անօրինական դրամահավաքից:
Հարգելի երեւանցիներ, ուշադիր եղեք, Քաղաքապետի կողմից խստորեն դատապարտվեց քաղաքացիների նամակների պատասխաններն ուշացնելու երեւույթը եւ հանձնարարվեց համապատասխան վարչությունների պետերին նկատողություն հայտարարել նույնիսկ մեկ վայրկյան ուշացնելու դեպքերում, իսկ կրկնվելու դեպքում. « նրանք կլքեն պաշտոնը», ասաց պարոն Մարգարյանը»:



























