«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի օրենքից պարտադիր բաղադրիչը հանելով՝ այն կզրկվի իր հիմնական նպատակից: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսա-բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:

Նա հավաստիացրել է, որ նշված օրենքի առաջնային նպատակը հասարակության ամենախոցելի խավի՝ ավագ սերնդի, բարեկեցիկ կյանք ապահովելն է: Պարտադիր բաղադրիչի բացակայության պայմաններում, ըստ նրա, ինքնակամ ֆոնդերում միջոցներ կուտակող մարդկանց քանակը մեծ չի լինի: «Հայաստանի ամեն մի օրինապահ քաղաքացու համար ՍԴ որոշումը պետք է վերջնական լինի՝ ինչիսին էլ որ այն լինի: Նման օրենքներ աշխարհի բոլոր երկրներում դժվարությամբ են ընդունվում, եւ դա եւս օբյեկտիվ է»,-ընդգծել է Մինասյանը:

Նմանատիպ իրավիճակ, ըստ նրա, ստեղծվել էր նաեւ ԱՊՊԱ-ի մասին օրենքի ընդունման ժամանակ: «Վստահ եմ, որ պետք չէ սպասել 30 – 40 տարի, կպահանջվի 2 – 3 տարի, որպեսզի օրենքի դրական արդյունքները տեսնենք: Դրա առաջին դրական կողմը կլինի մեր հանրապետությունում հավելյալ գումարի առկայությունը, որը թույլ կտա ավելի կենդանի տնտեսություն վարել, զարգացնել բիզնեսի տարբեր ոլորտները»,-ընդգծել է պատգամավորը: Ըստ նրա՝ հայերը եվրոպական քրիստոնյա ազգերի մի մասն են ու այդ ժողովուրդները մի առանձնահատկություն ունեն՝ նրանք ծերանում են:

Հիշեցնենք,  2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային մասնավոր հիմնադրամներին։

Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթների գործողությունը: Կան ընկերություններ, որոնք չեն գանձում կուտակային 5% պարտադիր վճարը եւ սպասում են Սահմանադրական դատարանի՝ մարտի 28-ի վերջնական որոշմանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/ NEWS.am